Skip to main content

Մուկոզիտ - Բերանի խոռոչի առողջություն

Եթե բերանի խոռոչում վերք ունեք, այն կարող է առաջացնել անհարմարավետության զգացում, հատկապես, երբ դուք խոսում եք, սնվում եք, հեղուկներ եք խմում կամ մաքրում եք ձեր ատամները:

Բերանի վերքերի տարածված տեսակը խոցն է: Բերանի խոռոչում վերքերի առաջացման պատճառներ կամ նպաստող գործոններ կարող են հանդիսանալ հետևյալ վիճակները՝

  • սթրեսային կամ տագնապային վիճակներ
  • հորմոնային տեղաշարժեր
  • բերանի խոռոչի վնասումներ կամ վնասվածքներ (օրինակ՝ սրածայր կամ սուր եզրով ատամ, պրոթեզ կամ բրիկետ)
  • որոշ մթերքների, դեղերի կամ ատամի մածուկների նկատմամբ ռեակցիա
  • որոշ վարակներ և հիվանդություններ (օրինակ՝ Կրոնի հիվանդություն)
  • որոշ դեղեր կամ բուժումներ
  • վիտամինների պակաս (դեֆիցիտ):

Բերանի խոցերը սովորաբար կլորավուն են, սպիտակ կամ վարդագույն և առաջանում են շրթունքների, այտերի ներսային մակերևույթներին, բերանի խոռոչի հատակին կամ լեզվի տակ:

Բերանի վերքերը հիմնականում տևում են մի քանի շաբաթ, հատկապես, եթե չեն բուժվում: Սակայն դրանք կարող են շարունակվել ավելի երկար, որը կարող է վկայել ավելի լուրջ հիվանդության առկայության մասին:

Ի՞նչ միջոցների դիմել

Շատ կարևոր է, որ դուք ճիշտ բուժեք բերանի խոցերը, որը կօգնի ապաքինմանը: Եթե այս խորհուրդներին հետևելուց հետո խոցերը չեն բուժվում, կապ հաստատեք ձեր բժշկի հետ:

  • Փորձեք չդիպչել վերքային շրջանին: Հակառակ դեպքում ոչ միայն կխանգարեք խոցի ապաքինմանը, այլև կարող եք տարածել վարակը: Եթե, այնուամենայնիվ, վերքային շրջանին դիպչելու կարիք եք զգում, մինչև դա անելը և դրանից հետո լավ լվացեք ձեր ձեռքերը:
  • Ատամները մաքրեք փափուկ խոզանակով: Եթե վերքերն այնքան ցավոտ են կամ այնպիսի տեղակայում ունեն, որ անհնար է խոզանակ օգտագործելը, փորձեք ողողել ձեր բերանի խոռոչը այդ նպատակի համար նախատեսված լուծույթներով: Խուսափեք ալկոհոլ պարունակող հեղուկներից:
  • Աղաջուրը կարող է օգնել: Լուծեք մեկ թեյի գդալ կերակրի աղը մեկ բաժակ ջրի մեջ, որից հետո պահեք այդ լուծույթը ձեր բերանի խոռոչում այնպես, որ լորձաթաղանթի ախտահարված շրջանը լիարժեք ծածկվի ձեր լուծույթով: Պահեք 2 րոպե և թքեք այն: Աշխատեք պատահմամբ կուլ չտալ: Կրկնեք օրական 4 անգամ:
  • Խուսափեք պինդ սննդամթերքներից, որոնք կարող են վնասել կամ ցավեցնել ձեր խոցը: Փորձեք նաև խուսափել շոկոլադից, սուրճից, ընկուզեղենից, նուշից, պանրից և որևէ աղի սննդից, քանի որ դրանք կարող են գրգռել և ցավեցնել խոցը:
  • Խուսափեք խիստ տաք ճաշատեսակներից և ըմպելիքներից:
  • Սառը ջուրը կարող է թուլացնել ցավերը:
  • Եթե ջուր կամ հեղուկներ խմելը խիստ ցավոտ է, փորձեք օգտագործել ձողիկներ, որ հնարավորինս բացառեք հեղուկների շփումն ախտահարված շրջանի հետ:
  • Փորձեք ձեզ սննդից չկտրել:
  • Խիստ ցավերի դեպքում կարող եք օգտագորել տեղային անզգայացող լուծույթներ: Հիշեք, որ ձեզ անհրաժեշտ է բերանի խոռոչի համար նախատեսված լուծույթ:
  • Ցավերին կարող են օգնել նաև սովորական ցավազրկողները: Հարցրեք ձեր բժշկից, թե ինչ դեղ կարելի է խմել:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-05-2019
Վերջին վերանայում՝ 08-04-2024