Показанные сообщения отсортированы по релевантности запросу "Հայկ Բլբուլյան". Сортировать по дате Показать все сообщения
Показанные сообщения отсортированы по релевантности запросу "Հայկ Բլբուլյան". Сортировать по дате Показать все сообщения

Ճիշտ խոսենք հայերեն. Տարածված սխալներ


Ռադիո «Արձագանք», «Ճիշտ խոսենք հայերեն» ռադիոշարք, Հայկ Բլբուլյան

• ոչ թե հագավ գլխարկը, ձեռնոցները, ակնոցը – այլ   դրեց գլխարկը, ձեռնոցները, ակնոցը
• ոչ թե     ընդհակառակ, ընդամեն – այլ ընդհակառակը, ընդամենը
• ոչ թե     որոշներ –   որոշներ բառ չկա
• ոչ թե     քծնվել, նախանձվել, պարապվել - այլ   քծնել, նախանձել, պարապել: ԱՌԱՆՑ «Վ»-ի
• ոչ թե     պիտի չխոսեմ – այլ Չպիտի խոսեմ
• ոչ թե     միք խոսի, միք գրի -     այլ մի խոսեք, մի գրեք
• ոչ թե     հույր, ձույն, մույս, այռուծ, Մայրամ,  գույտ--- այլ հյուր, ձյուն, մյուս, առյուծ, Մարիամ, գյուտ

• ոչ թե     կաթղիկոս, ավելնորդ, կանանցի, անձեռնոցիկ -   այլ ավելորդ, կանացի, անձեռոցիկ,կաթողիկոս
• ոչ թե     սրբության սրբոց-  այլ սրբություն սրբոց
• ոչ թե     վիրաբուժ, հոգեբուժ, ակնաբուժ –  այլ վիրաբույժ, հոգեբույժ, ակնաբույժ
• ոչ թե     սյունյակ, աղյուսյակ, պայուսյակ – այլ  սյունակ, աղյուսակ, պայուսակ

• ոչ թե     սիրահարվել աղջկա վրա - այլ սիրահարվել աղջկան
• ոչ թե     դարտակ, կարմունջ, բալանի – այլ դատարկ, կամուրջ, բանալի
• ոչ թե     դաստիրակ , գնհատել – այլ դաստիարակ, գնահատել
• ոչ թե     դյութազուն - այլ դյուցազուն
• ‎‎ ոչ թե     ֆիդային – ֆիդայիններ - այլ ֆիդայի, ֆիդայիներ
•   ուշադրություն,  դիմություն – նման բառ չկա

• ոչ թե     այլոք - այլ այլք (Սխալ է «Ներկա էին նախագահը, նախարարները և և այլոք», պետք է լինի այլք)
• ոչ թե     Եվրոխորհուրդ Եվրոտեսիլ - այլ Եվրախորհուրդ, Եվրատեսիլ
• ոչ թե     տուժվել-տուժվեցի–տուժվեցինք – այլ տուժել, տուժեցինք



• ոչ թե     իրա, իրանց, իրան – այլ իր, իրենց, իրեն
• ոչ թե     ըստ ինձ - այլ ըստ իս
• ոչ թե     քանիցս անգամ – այլ քանիցս, բազում անգամ
• ոչ թե     վարքաբեկել – այլ վարկաբեկել
• ոչ թե     ներեղություն – այլ ներողություն
• ոչ թե     հաշվանդամ – այլ հաշմանդամ
• ոչ թե     խոսքը գնում է այսինչ հարցի մասին - այլ խոսքն այսինչ հարցի մասին է
• ոչ թե     ակնոցները դրեց աչքերին – այլ ակնոցը դրեց աչքերին

• ոչ թե     ողջյունել –  այլ    ողջունել,   ոչ թե հորեղբոյր, Պարյուր – այլ հորեղբոր, Պարույր
• ոչ թե     էլեկտրոէներգիա, էլեկտրոցանց – այլ էլեկտրաէներգիա, էլեկտրացանց –
• ոչ թե     էլեկտրոհոմակարգ-  այլ էլեկտրահամակարգ
• ոչ թե     պատանեական- այլ պատանեկան


• ոչ թե     ըստ արժանավույն, արժանավույն կերպով – այլ ըստ արժանվույն, արժանվույն կերպով –
• ոչ թե     նախագա /նախագան, նախագայի – այլ նախագահ /նախագահը, նախագահի
• ոչ թե     ուժտադրույժ – այլ ուժտադրուժ
• ոչ թե     խոսացնել, ծիծաղացնել, քնացնել – այլ խոսեցնել, ծիծաղեցնել, քնեցնել
• ոչ թե     զզվացնել – այլ զզվեցնել

• ոչ թե թռնել , թռնում եմ , փախնել-փախնում եմ, կպնել-կպնում է,կապնվել –
կապնվեցի, խաբնվել – խաբնվելու ես, նախատեսնել-նախատեսնված – այլ թռչել ,
թռչում եմ , փախչել-փախչում եմ, կպչել-կպչում է,կապվել – կապվեցի, խաբվել
– խաբվելու ես, նախատեսել-նախատեսված
• ոչ թե սառչելով, սառել է - այլ սառելով, սառել է
• ոչ թե նստած չի, խմող չի – այլ նստած չէ, խմող չէ
• ոչ թե գիրք չի, պարտադիր չի – այլ գիրք չէ, պարտադիր չէ
• ոչ թե գերանալ - այլ գիրանալ
• ոչ թե հեյրուրանք - այլ հերյուրանք

• ոչ թե     ընձեռնել - այլ ընձեռել
• ոչ թե     ի զարմանք – այլ ի զարմանս
• ոչ թե     ութանասուն, ութանասունմեկ – այլ ութսուն, ութսումեկ
• ոչ թե     ընտանեական, հարսանեական – այլ ընտանեկան, հարսանեկան
• ոչ թե     պատճե /պատճեն կբերես/- այլ պատճենը /պատճենը կբերես/
• ոչ թե     բարյացկամ, անբարյացկամ - այլ բարյացակամ, անբարյացակամ
• ոչ թե     բարձրունք-   այլ բարձունք /առանց Ր-ի/
• ոչ թե     տաս /թիվ/ - այլ տասը, տասն
• ոչ թե     մեծամասամբ - այլ մեծ մասամբ
• ոչ թե     թույլատվություն – այլ թույլտվություն –
• ոչ թե     բազմիցս անգամ – այլ բազմիցս, քանիցս, կրկին
• ոչ թե     մոտովորապես –  այլ մոտավորապես
• ոչ թե     անունդ ինչպես է, /ոնց է/ - այլ  անունդ ինչ է


Ամեն կերպ խուսափիր ոչ հայերեն բառերի գործածությունից: Դրանով դու կպահպանես մայրենի լեզվի անաղարտությունն ու գեղեցկությունը, չես աղավաղի ուրիշ լեզու:


ԿԱՊԱԿՑԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ


• ՍԽԱԼ Է  իմ մոտ, իմ վրա – ՃԻՇՏ Է   ինձ մոտ, ինձ վրա
• ՍԽԱԼ Է  իրեն հետ, իրեն մոտ – ՃԻՇՏ Է   իր հետ, իր մոտ
• ՍԽԱԼ Է  առանց հայրենիք - ՃԻՇՏ Է   առանց հայրենիքի
• ՍԽԱԼ Է  բացառությամբ ձեր դասարանից – ՃԻՇՏ Է   բացառությամբ ձեր դասարանի
• ՍԽԱԼ Է  դեպի նրան – ՃԻՇՏ Է   դեպի նա
• ՍԽԱԼ Է  ուսանողներից մի քանիսում – ՃԻՇՏ Է   ուսանողներից մի քանիսի մեջ
• ՍԽԱԼ Է  ինչու համար  - ՃԻՇՏ Է   ինչի համար
• ՍԽԱԼ Է  աշխատակիցներից մի մասը – ՃԻՇՏ Է   աշխատակիցների մի մաը
• ՍԽԱԼ Է  երեխաներից մեծամասնությունը – ՃԻՇՏ Է   երեխաների մեծամասնությունը


ՍԽԱԼ ՀԱՎԵԼԱԴՐՈՒՄՆԵՐ


• ՍԽԱԼ Է հայերեն լեզու, ռուսերեն լեզու, առ այն մասին – ՃԻՇՏ Է հայերեն,
ռուսերեն, պարզապես` առ այն
• ՍԽԱԼ Է հանուն անկախության համար – ՃԻՇՏ Է
հանուն անկախության կամ անկախության համար
• ՍԽԱԼ Է նորից եմ կրկնում – ՃԻՇՏ Է կրկնում եմ
• ՍԽԱԼ Է կյանքի մասին կենսագրական տեղեկություններ տալ - ՃԻՇՏ Է կյանքի
մասին տեղեկություններ տալ կամ կենսագրական տեղեկություններ տալ
• ՍԽԱԼ Է զգացնել տալ - ՃԻՇՏ Է զգալ տալ
• ՍԽԱԼ Է սպասեցնել տալ– ՃԻՇՏ Է սպասել տալ
• ՍԽԱԼ Է գնացիմ տուն, կերամ, եկամ - ՃԻՇՏ Է գնացի տուն, կերա, եկա
• ՍԽԱԼ Է դաժան արհավիրք - ՃԻՇՏ Է արհավիրք

• ՍԽԱԼ Է անսպասելի անակնկալ – ՃԻՇՏ Է   անակնկալ
• ՍԽԱԼ Է  չորսը գիրք, յոթը ամսիս, հինգը տետր – ՃԻՇՏ Է   առանց Ը-ի`  չորս գիրք, յոթ ամիս, հինգ տետր
• ՍԽԱԼ Է  իմ տունս, քո դիմումդ  -  ՃԻՇՏ Է   իմ տուն, քո դիմումը   
• ՍԽԱԼ Է  մինչ առայսօր - ՃԻՇՏ Է    մինչ այսօր կամ առ այօսր
• ՍԽԱԼ Է  ամենալավագույն - ՃԻՇՏ Է   լավագույն
• ՍԽԱԼ Է  ամենավերջին - ՃԻՇՏ Է   վերջին


Սովորիր ասելիքդ արտահայտել հակիճ ու հստակ, բայց առանց աղավաղելու: Դրա համար հարկավոր է ճշտորեն ընտրել դիպուկ ու արտահայտիչ բառեր:   Անընդհատ հարստացրու բառապաշարդ, որի ամենալավ միջոցը ուշադիր ընթերցանությունն է:


ԽՆԴՐԱՌՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐ

• ՍԽԱԼ Է  առարկել էր գործունեությունը –  ՃԻՇՏ Է   առարկել էր գործունեությԱնը  /ինչին, ոչ թե ինչը/
• ՍԽԱԼ Է  բաժանորդագրվել թերթեր ու ամսագրեր – ՃԻՇՏ Է   բաժանորդագրվել թերթերԻՆ ու ամսագրերԻՆ /ինչին, ոչ թե ինչը/
• ՍԽԱԼ Է  դավաճանել հայրենիքը – ՃԻՇՏ Է   դավաճանել հայրենիքԻՆ /ում, ինչին, ոչ թե ինչը/
• ՍԽԱԼ Է  խոչընդոտել առաջընթացին – ՃԻՇՏ Է   խոչընդոտել առաջընթացԸ /ինչը, ոչ թե ինչին


• ՍԽԱԼ Է  խրախուսել նախաձեռնություններին – ՃԻՇՏ Է   խրախուսել նախաձեռնություններԸ  /ում , ինչը, ոչ թե ինչին/
• ՍԽԱԼ Է  կտակել որդիների վրա - ՃԻՇՏ Է   կտակել որդիներիՆ / ում, ոչ թե ում վրա/
• ՍԽԱԼ Է  հակադրվել Պողոսի դեմ - ՃԻՇՏ Է   հակադրվել ՊողոսիՆ  /ում, կամ ինչին, ոչ թե այսինչի դեմ/
• ՍԽԱԼ Է  համաձայնել ասածների հետ – ՃԻՇՏ Է   համաձայնել ասածներիՆ /ում հետ կամ ինչին, ոչ թե ինչի հետ:
• ՍԽԱԼ Է  ներողություն խնդրել ընկերոջը – ՃԻՇՏ Է   ներողություն խնդրել ընկերոջԻՑ /ումից, ոչ թե ում/


• ՍԽԱԼ Է սատարել ձեռնարկումներին – ՃԻՇՏ Է սատարել ձեռնարկումներԸ /ում,
ինչը , ոչ թե ինչին/
• ՍԽԱԼ Է Վստահել նրա լավ վարքի ու անվան վրա - ՃԻՇՏ Է Վստահել նրա լավ
վարքիՆ ու անվանԸ /ում, ինչին, ոչ թե ինչի մեջ կամ ինչ վրա/
• ՍԽԱԼ Է Տեղյակ լինել նրա քայլերի մասին – ՃԻՇՏ Է Տեղյակ լինել նրա
քայլերիՆ /ինչին կամ ինչից, ոչ թե ինչի մասին/
• ՍԽԱԼ Է չիմացան ինչ անեն հանցագործի հետ – ՃԻՇՏ Է չիմացան ինչ անեն
հանցագործին
• ՍԽԱԼ Է նվագում է ջութակի վրա - ՃԻՇՏ Է նվագում է ջութակ
• ՍԽԱԼ Է Նվագում է դաշնամուրի վրա – ՃԻՇՏ Է Նվագում է դաշնամուր

• ՍԽԱԼ Է  ծանոթացավ փաստաթղթերի հետ – ՃԻՇՏ Է   ծանոթացավ փաստաթղթերին
• ՍԽԱԼ Է  բավարարել պահանջներին – ՃԻՇՏ Է   բավարարել պահանջներԸ /ինչը, ոչ թե ինչին/
• ՍԽԱԼ Է  թուլացնում են  մեր պետությանը – ՃԻՇՏ Է   թուլացնում են  մեր պետությունը: /ինչը, ոչ թե ինչին/
• ՍԽԱԼ Է  խոստովանել սխալի համար – ՃԻՇՏ Է   խոստովանել սխալԸ: /ինչը, ոչ թե ինչի մասին կամ ինչի համար/

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐ

• ՍԽԱԼ Է  բոլոր ժողովուրդը – ՃԻՇՏ Է   ամբողջ ժողովուրդը
• ՍԽԱԼ Է  տեսակ-տեսակ ազգ  -    ՃԻՇՏ Է   տեսակ-տեսակ ազգեր
• ՍԽԱԼ Է  տարբեր պատճառով – ՃԻՇՏ Է   տարբեր պատճառներով
• ՍԽԱԼ Է  բազմաթիվ անգամ – ՃԻՇՏ Է   բազմաթիվ անգամներ
• ՍԽԱԼ Է  Ամբողջ բնակչությունը թափվեցին փողոց – ՃԻՇՏ Է   Ամբողջ բնակչությունը թափվեց փողոց

• ՍԽԱԼ Է  Ես` պողոս Պողոսյանը - ՃԻՇՏ Է   Ես` Պողոս Պողոսյանս:
• ՍԽԱԼ Է  ամբողջ մարդիկ – ՃԻՇՏ Է   բոլոր մարդիկ
• ՍԽԱԼ Է  այս կամ այն խնդիրները – ՃԻՇՏ Է   այս կամ այն խնդիրը
• ՍԽԱԼ Է  ամեն դժվարություններ – ՃԻՇՏ Է   ամեն դժվարություն


ՕՏԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԽԱԼ Է  Ազգային ժողովը դա օրենսդիր մարմին է-  ՃԻՇՏ Է   Ազգային ժողովը օրենսդիր մարմին է: /Առանց ԴԱ-ի/
ՍԽԱԼ Է  Լուսինը հանդիսանում է երկրի արբանյակը – ՃԻՇՏ Է   Լուսինը  երկրի արբանյակն է /առանց  ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ/

ՍԽԱԼ Է   Ինչումն է կայանում հարցը – ՃԻՇՏ Է   Հարցն այն է:
ՍԽԱԼ Է  Ինչումն է բանը – ՃԻՇՏ Է   Բանն այն է
ՍԽԱԼ Է   Ինչպես է վերնագիրը – ՃԻՇՏ Է   Ինչ է վերնագիրը

ՍԽԱԼ Է  Սա իրենից ներկայացնում է վիթխարի շինություն – ՃԻՇՏ Է   Սա վիթխարի շինություն է:
ՍԽԱԼ Է   Նա խնդրում է , որպեսզի չշարունակենք վեճը – ՃԻՇՏ Է   Նա խնդրում է, ՈՐ չշարունակենք վեճը:

ՍԽԱԼ Է  Ես ուզում եմ, որպեսզի հանդիպենք – ՃԻՇՏ Է   Ես ուզում եմ, ՈՐ հանդիպենք
ՍԽԱԼ Է  ես գտնում եմ որ – ՃԻՇՏ Է   Կարծում եմ, որ /գտնում են իրը/
ԱՆՑԱՆԿԱԼԻ Է  դե ինչ /հայերեն չէ/ – Խուսափեք այս օտարաբանությունից

ԱՐՏԱՍԱՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ

/վերաբերում է առաջին հերթին հաղորդավարներին/

ՄԻ ԱՍԵՔ մածյան – ԱՅԼ մատյան
ՄԻ ԱՍԵՔ Ծեխնիկում, ինսԾիտուտ – ԱՅԼ տեխնիկում, ինստիտուտ
ՄԻ ԱՍԵՔ Ծիգրան – ԱՅԼ Տիգրան
ՄԻ ԱՍԵՔ ռաձյո – ԱՅԼ ռադիո
ՄԻ ԱՍԵՔ ձիրեկտըր – ԱՅԼ դիրեկտոր

ՄԻ ԱՍԵՔ ստաձյոն – ԱՅԼ ստադիոն
ՄԻ ԱՍԵՔ Մասկվա – ԱՅԼ Մոսկվա
ՄԻ ԱՍԵՔ Լամանոսով – ԱՅԼ Լոմոնոսով
ՄԻ ԱՍԵՔ շակալադ – ԱՅԼ շոկոլադ
ՄԻ ԱՍԵՔ կամպոտ – ԱՅԼ կոմպոտ
ՄԻ ԱՍԵՔ կան‎ֆետ – ԱՅԼ կոնֆետ

ՄԻ ԱՍԵՔ ծովյեզր – ԱՅԼ ծեվԷզր
ՄԻ ԱՍԵՔ ընկճըվել, գտընվել, հագընվել – ՄԻ ՇԵՇՏԵՔ ը-ն
ՄԻ ԱՍԵՔ արցյունք – ԱՅԼ արցունք
ՄԻ ԱՍԵՔ արձյունք - ԱՅԼ արդյունք
ՄԻ ԱՍԵՔ քսանյերեք - ԱՅԼ քսանԷրեք
ՄԻ ԱՍԵՔ չարվորակ - ԱՅԼ չարՕրակ

Ընտրիր ասելիքիդ համապատասխան հնչերանգ: Ամենալավ բանն էլ այլ տոնով ասելիս կարող է դիմացինին վիրավորական թվալ:

Փողոցում, տրանսպորտում, հասարակակամ վայրերում մի զրուցիր բարձրաձայն: Աշխատիր, որ ձեր խոսակցությունը ոչ մեկ չլսի:

ԻՄԱՍՏԱՅԻՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐ

• ազատել –ազատագրել ---- Ազատել-ի իմաստը բավականաչափ ընդարձակ է. մեկին ազատել վտանգից, բանտից, գերությունից, Ազատել դասարանը, շենքը, տարածքը: Նաև թշնամիներից ազատել երկիրը, հայրենիքը: Հենց այս վերջին դեպքում ավելի ճշգրիտ է ազատագրելը, որնույն ազատելն, բայց` պայքարով, կռվող: Կրկնում եմ. ազատագրելը նույն ազատելն է,բայց կռվով, պայքարով: Նաև` թշնամիներից ազատել երկիրը, հայրենիքը:

•  բռնագանձել - բռնագրավել --- Այստեղ նրբությունն այն է, որ չնայած բառերը իմաստով մոտ են, բայցբռնագանձելը կապվում է դրամի, փողի հետ, իսկ բռնագրավել կարող են գույքը, կահույքը:

• գործառություն - գործառնություն --- Գործառությունը որևէ մեկի կամ որևէ բանի կատարած դերն է, օտար բառով` ‎ֆունկցիան, օրինակ` «Նրա գործառույթը առայժմ միայն հեռախոսազանգերին պատասխանելն է»: Իսկ գործառնությունը տնտեսական-‎ֆինանսական-առևտրային գործողություն է նշանակում: Մեծ մասամբ այն կարող ենք փոխարինել գործարքով: Օր. `«Հայարդշինբանկը նոր գործառնություններ է նախատեսում»:

•   զեկուցում - զեկույց --- Զեկուցումը ավելի հայտնի գործածություն ունի. զեկուցումներ ենք
կարդում կամ լսում տարբեր թեմաներով` գիտական,մանկավարժական, մշակութային: Օրինակ`«Ուսանողական գիտական ընկերությունում կարդացված զեկուցումները բավականաչափ ինքնուրույն էին»: Իսկ զեկույցը որևէ հարցի մասին գրավոր կամ բանավոր հակիճ տեղեկատվություն- հաղորդումն է /օտար բառով` report-ը/: Զեկույց կարելի է վերադասին ներկայացնել որևէ դեպքի, պատահարի, մեկի վարքի  մասին:  

•   զերծ -զուրկ --- Սրանք հոմանիշ բառեր են և «մի բանից հեռու լինելու, մի բան չունենալու»
ընդհանուր նշանակությունը ունեն: Սակայն հստակորեն տարբերվում են կիրառության նրբերանգներով: Զերծը գործածվում է «վատ, մերժելի բանից հեռու մնալու իմաստով»` «Չարիքներից, վտանգներից, դժբախտություններից զերծ»: Զուրկը գործածվում է «որևէ լավ հատկություն կամ անհրաժեշտ , ցանկալի բան չունենալու իմաստով»: «Բարիքներից,
խելքից, օգնությունից զուրկ»:

• հասկացողություն – հասկացություն --- Հասկացողությունը հասկանալու-ըմբռնելու կարողությունն է, օր.` «Աշոտը մաթեմատիկայից ու ‎ֆիզիկայից լավ հասկացողություն ունի»: Իսկ հասկացությունը տվյալ բառի կամ բառակապակցության արտահայտած իմաստն է, բովանդակությունը. օր.` «Տարբեր երկրներում տարբեր կերպ են մեկնաբանում մարդու իրավունքներ հասկացությունը»: Ուստ`ի սխալ է ասել. «Խիղճը, գութը, կարեկցանքը բարոյական հասկացողություններ են»:

•  հուսով – հույսով --- Հույս բառի գործիական հոլովի այս երկու տարբերակներն էլ ճիշտ են, եթե ճիշտ տեղում ենք գործածում: Հուսով-ը օժանդակ  «եմ» բայի հետ է հանդես գալիս «Ես հուսով եմ, որ ինձ ճիշտ կհասկանաս»: Այսինքն հույս ունեմ, որ ճիշտ կհասկանաս: Իսկ հույսով-ը` իբրև գործիական հոլովով գոյական նախադասության մեջ լրացում է լինում: Գուցե շատ մասնագիտական է բացատրությունը, բայց կոնկրետ օրինակով հիմա տարբերությունը կզգաք. «Հույսով սպասում է, հույսով ապրում է՚: Սխալ է ասել «Դուք հույսով եք , որ նա կկատարի իր խոստումը»:

•       մեղանչել - մեղա գալ ---- Մեղանչել-ի սխալ գործածությունը անչափ շատ է տարածված:  Կարծում են, թե մեղանչելը հենց մեղքը ընդունել, մեղքը քավել է նշանակում: Ճիշտ հակառակն է. մեղանչել նշանակում է մեղք գործել, հանցանք կատարել, օր. Իսահակյանի հերոսի տողերում ` «Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ»: Ուրեմն` սխալ է հետևյալ կիրառումը.«Թուրքիան հայ ժողովրդի դեմ կատարած մեծագույն հանցանքի համար պիտի մեղանչի»/ մեղանչելու փոխարեն պետք է լինի Թուրքիան պիտի զղջա, ընդունի, մեղքը քավի:  

•   շնորհիվ – պատճառով --- Ժամանակակից հայերենում երկու կապերն էլ, ըստ էության, նույն գործառույթն ունեն, բայց ոճական-իմաստային տարբեր նրբերանգներով: Շնորհիվ-ը գերազանցապես գործածվում է դրական իմաստ արտահայտելու համար` աշխատասիրության շնորհիվ, լավ դաստիարակության շնորհիվ: Պատճառով-ը կամ ընդհանրական չեզոք երանգ ունի, կամ բացասական, օր`  «Հրավերքին նա չմասնակցեց տանը հյուրեր ունենալու պատճառով»  կամ նրանց բաժանությունը փողի պատճառով էր՚: Սխալ է ասել «Նա իր աշխատասիրության պատճառով մեծ ձեռբերումներ ունեցավ»:

•    վերաբերել – վերաբերվել --- Բազմիցս կրկնվող սխալ: Հիշեցնեմ այս երկու բառերի տարբերությունը. Վերաբերել-ը որևէ մեկի կամ բանի մասին ասել, խոսել, նաև առնչվել-առնչություն ունենալ իմաստն ունի. «Ասածս նախ քեզ է վերաբերում, հետո` ընկերոջդ»: Իսկ վերաբերվել նշանակում է վերաբերմունք ունենալ, վարվել:«Երեխայի հետ քնքշորեն վերաբերվիր»:

•  փոխանակ - փոխարեն -- Իբրև կապեր սրանք նույնանիշներ են, բայց կիրառությունը սերտորեն կապված է շարադասության հետ. փոխանակ-ը առաջադաս է, փոխարենը հետադաս: «Փոխանակ զայրանալու` լռեց/ Զայրանալու փոխարեն լռեց/»: Այսինքն սխալ է ասել  «Ավերված տան փոխանակ նոր բնակարան հատկացրին»: Նմանապես սխալ է  «Փոխարեն քո լավության կփորեմ այգիդ»:

•   դիտել - դիտարկել  --- «Մենք դիտում ենք աստեղերը» և«Մենք դիտարկում ենք աստղերը": Առաջինում սովորական գործողություն ենք հասկանում, երկրորդում նշանակում է դիտելու առարկա դ‎արձնել, դիտել որոշակի նպատակով` հետազոտելու, ուսումնասիրելու:

•  մեկնել – մեկնարկել --- Մեկնելը մի քանի իմաստ ունի. ա/ ուղևորվել, շարժվել, ճանապարհ ընկնել . «Ավտոբուսը մեկնում է ժամը 5-ին»: բ/ Պարզել, երկարել  «Ձեռքը մեկնեց վիրավորին»: գ/ Մեկնաբանել, պարզաբանել ՙՆարեկացուն շատերն են մեկնել, բայց ասես միշտ էլ անմեկնելի է մնում»:  Մեկնել-ի առաջին «Շարժվել» իմաստներին շատ մոտ է մեկնարկել համեմատաբար նոր բառը /որ օտար բառով ստարտն է» Նշանակում է այսինչ տեղից շարժվել, մեկնարկ, ստարտ վերցնել: օր.` «Հեծանվորդները մեկնարկեցին Չեխիայի մայրաքաղաքից»:

***

Գնել Նալբանդյան. Պարզագույն ճշմարտություններ

«Էժան գին» չկա, կա «ցածր գին»: Չկա նաև` «թանկ գին»: Ոչ թե` «Նա թանկ գին վճարեց դրա համար», այլ պարզապես` «Նա թանկ վճարեց դրա համար»: Ապրանքն ու ծառայությունը կարող են լինել էժան կամ թանկ:

«Մինչև»-ը մի շփոթեք «մինչ»-ի հետ: «Զանգահարեք մինչև ժամը 4-ը» նախադասությունը ճիշտ է, մինչդեռ «Զանգահարեք մինչ ժամը 4-ը» նախադասությունը սխալ է: «Մինչ» = «Քանի դեռ…», «Այն ժամանակ, երբ…» «Մինչ դու քնած էիր, ես սափրվեցի»:  Մինչև = until, до  Մինչ   = while, пока



ՀՀ բոլոր տգետ ռադիոդիջեյներն ասում են` «մինչ վաղը», մինչդեռ որևէ ռուս իրեն թույլ չի տա նման տխմարություն` ասելով` «Пока завтра»:

Զրույցի ժամանակ մի ընդհատեք իրար, սովորիր լսել դիմացինին: Մինչև վերջ լսիր նրան, հետո առարկիր, եթե առարկելու ես: Դրանով դու կդառնաս հաճելի զրուցակից:
Զրուցելիս խոսիր այնպիսի հարցերի մասին, որոնք հետաքրքիր լինեն նաև դիմացինի համար: Ընդհանրապես քիչ խոսիր քո անձի մասին:

«Իբրև»-ը մի շփոթեք «իբր»-ի հետ: «Իբրև» = «որպես», «իբր» = «մթոմ»:
Մի շփոթեք «առաջ» և «առջև» բառերը: «Ես սանրվում եմ հայելու առջև» ճիշտ է: «Ես սանրվում եմ հայելու առաջ» սխալ է: «Նա վազեց առաջ» ճիշտ է: «Քրիստոսից հարյուր տարի առաջ» ճիշտ է: «Խանութի առաջ», «Միկրոֆոնի առաջ» սխալ է:

«Ըստ որում» չկա, կա «ըստ իս», «ընդ որում»: Ըստ = համաձայն, ընդ = տակը, խորքում, ներքևում:
Չի կարելի «սիրահարվել նրա վրա», կարելի է «սիրահարվել նրան»:

Չի կարելի ասել «հարուր», պետք է ասել «հարյուր»:
Չի կարելի ասել «հիցուն», պետք է ասել «հիսուն»:
Մի ասա «բանը նրանումն է , որ…», հարկ է ասել «բանն այն է, որ…»:

Չի կարելի ասել «հաշվանդամ», պետք է ասել «հաշմանդամ»:

Չի կարելի ասել «դրանով նա զգացնել տվեց, որ…», այլ պետք է ասել «Դրանով նա զգալ տվեց, որ…»: Բանն այն է, որ զգացնել նշանակում է զգալ տալ, հետևաբար` զգացնել տալը կնշանակի զգալ տալ տալ:
Նույնը վերաբերում է նաև «հասկացնել» և «հասկանալ տալ» կառույցներին, քանի, որ «հասկացնել տալ» ասում են միայն տգետները:

Մի շփոթեք «լողալ» և «լողանալ» բայերը: Սև ծովում, Սևանա լճում, գետում լողում են կամ լող տալիս, բայց այն բաղնիքում կամ լոգարանում` լողանում են:

Եթե գրել ես` «որպեսզի», ուրեմն այդպես էլ կարդա և ոչ թե հնչեցրու` «որպիսի», քանի որ «որպիսի» նշանակում է «ինչպիսի»:

«Որոշումն ընդունվել է կառավարության կողմից» նախադասության մեջ գործողություն կատարողը որոշումն է, որն ինքնագլուխ գնացել և, գուցե նույնիսկ կառավարության կամքին հակառակ, ընդունվել է հենց կառավարության կողմից: Մինչդեռ ճշմարտությունն այն է, որ «կառավարությունը որոշել է» կամ գոնե «կառավարությունը որոշում է ընդունել»: Հայոց լեզուն  պահանջում է, որ ամեն ինչ հստակ լինի, որ պարզ լինի, թե ով է որոշել, ինչ է որոշել, ով է կատարել ու ինչ է կատարել` որ ամիջապես իմացվի, թե ում պետք է պատասխանատվության կանչել  հիմար որոշումներ կայացնելու կամ որոշումը հիմարի պես իրականացնելու համար:

Մի շփոթեք «ուր»-ը և «որտեղ»-ը: «Ուր»-ը ցույց է տաիս ուղղություն, «որտեղ»-ը ցույց է տալիս տեղանք: «Նա գնաց Լոնդոն, ուր և մահացավ» նախադասությունը սխալ է. Պետք է լինի` «…որտեղ էլ մահացավ»: «Որտեղ է գնում այն ավտոբուսը» նախադասությունը սխալ է, պետք է լինի` «Ուր է գնում այս ավտոբուսը»:

Չի կարելի ասել «բռնագաղթվածներ», պետք է ասել «գաղթածներ»: «Գաղթած» բառը չունի կրավորական կերպ: Գաղթելը կամ գաղթը ինքնակամ չի լինում, այլ հարկադրաբար, բռնի, ուստի «բռնությամբ գաղթելու» գաղափարն իմաստազուրկ է:

«Հայրենադարձված» բառ չկա, կա պարզապես «հայրենադարձ»:

Գրվում է «տասներկու, տասներեք», կարդացվում է «տասնէրկու, տասնէրեք». Այս իրողությունը գրաբարյան հիմք և բացատրություն ունի:
Չի կարելի ասել «տասէրկու, տասչորս», քանի որ հայերենում չկա «տաս», այլ կա «տասը» /«տասն»/:

Հրաժեշտ տալիս պետք է ասել «ցը», քանի որ «ցը»-ն «ցտեսություն» բառի առաջին տառն է և հնչյունը: Ուստի չի կարելի ասել «ցե», քանի որ «ցետեսություն» բառ չկա:

Չի կարելի ասել «թիվ երեսունչորս դպրոցի տնօրեն», քանի որ «թիվ»-ն էլ է թիվ, թվական «երեսունչորսն» էլ: Համաձայնեք` ստացվում է անհեթեթ բան, «թիվ թիվ դպրոցի տնօրեն»: Պետք է ասել «համար երեսունչորս // դպրոցի տնօրեն» կամ «-րդ դպրոցի տնօրեն»:
Չի կարելի ասել «Նա դատապարտվեց --- հոդվածի համաձայն», պետք է ասել «Նա դատապարտվեց   --րդ հոդվածի համաձայն»:

Չի կարելի ասել «դպրոցը դա այն վայրն է, որտեղ…», քանի որ այս և նման նախադասություններում հայտնվում է երկու նույնական ենթակա, ինչը խորթ է հայոց լեզվին: Պետք է պարզապես ասել` «դպրոցը այն վայրն է, որտեղ…»:

«Մանրամաս» բառ չկա, կա «մանրամասն»:
«Համաձայնվել» բառ չկա, կա «համաձայնել»:

Մի շփոթեք «ուսանել» և «ուսուցանել» բայերը:
Աշակերտն «ուսանում է», ուսուցիչն` «ուսուցանում»:

Չի կարելի ասել «տնօրենն իրեն մոտ է» կամ «… իր մոտ է»,
Պետք է ասել «տնօրենն իր սենյակում է»:

«Համբյուր» բառ չկա, կա «համբույր» բառ /համ__բույր/: Հետևաբար չի կարելի «համբյուրել», իսկ այ «համբուրել» կարել է և պետք է:

Մի շփոթեք «մոտակա» և «առաջիկա» բառերը:
Չարժի ասել «մոտակա օրերին», հարկ է ասել «առաջիկա օրերին», բայց` «մոտակա ծառի տակ»: Ինչպեսև չարժի ասել «Հանդիպումը տեղի կունենա մոտակա օրերին»: Հարկ է պարզապես ասել «Հանդիպումը տեղի կունենա օրերս»:

«Նա ոչ միայն տեղյակ է, այլ գաղտնի է պահում» նախադասությունը սխալ է. Չկա «ոչ միայն, … այլ»  կառույց, կա "ոչ միայն, … այլև /այլ նաև/ »կառույց : Պետք է լինի «Նա ոչ միայն տեղյակ է, այլև գաղտնի է պահում»: Կամ` «Նա ոչ թե տեղյակ չի, այլ գաղտնի է պահում»:

«Նախագահ» բառը վերջանում է «հ» տառով, ուստի չի կարելի ասել «նախագան», պետք է ասել «նախագահը» /թեկուզ եթե հաջորդ բառն սկսվում է ձայնավորով/:

Մի շփոթեք «սկսել» և «սկսվել» բայերը: Մտածեք ու հասկացեք, թե գործողությունն ով է անում: «Անձրևը սկսեց» և «Անձրևը սկսվեց» նախադասություններն իրարից տարբերվում են նրանով, որ երկրորդում գործողությունը կատարվում է ինքնին` «սկսվեց», մինչդեռ առաջին նախադասությունը պահանջում է շարունակություն. «Անձրևը սկսեց … ինչ անել» -  «սկսեց գալ»:

Չի կարելի ասել «բազմիցս անգամ ասել եմ»: Պետք է ասել «բազմիցս ասել եմ» կամ «Շատ եմ ասել» կամ «Մի քանի անգամ /քանիցս/ ասել եմ»: Եվ ընդհանրապես, աշխատեք շատ չխոսել:

Հարցեր տալիս խուսափեք հարցական նախադասությունը սկսել «իսկ» շաղկապով, եթե դրա տրամաբանական անհրաժեշտությունը չկա: 
«Իսկ»-ը ենթադրում է, որ հաջորդ միտքը հակադրվում է նախորդին:

Չի կարելի ասել «Մեր կազմակերպության և քաղխորհրդի հետ համատեղ իրականացրած միջոցառման ժամանակ…»: Պետք է ասել «Մեր կազմակերպության և քաղխորհրդի համատեղ միջոցառման ժամանակ…»:

Չի կարելի ասել. «Նախագահը գտնում է, որ…», կարելի է ասել «Նախագահը համոզված է /պնդում է/ հավաստում է/ հաստատում է/ հայտնում է/ հայտարարում է/…»: Գտնել կարելի է շատ հասարակ բաներ: Օրինակ` փողոցով քայլելիս կարելի է փող գտնել կամ գանձ` նկուղում:

Ուշադրություն դարձրեք, որ երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորները, նախարարները, դատավորները, պետքական-քաղաքական-կուսակցական գործիչները հանրությանը պետք է հայտնեն ոչ թե իրենց կարծիքը, այլ տեսակետը, դիրքորոշումը, սկզբունքը, ելակետը, պնդումը… Քանի որ կարծիքը շատ անձնական բան է և սերտորեն առնչվում է ճաշակի հետ, ուստի ծիծաղդելի է, որ նախագահը, ասենք` երկրի տնտեսական զարգացման հեռանկարների մասին խոսելիս, հայտնում է ոչ թե իր դիրքորոշումը, այլ սոսկ կարծիքը:
Կարծիք կարելի է հայտնել առօրեական հարցերի մասին խոսելիս. Օրինակ` «իմ կարծիքով, սպասը ձվածեղից համեղ է»: Ինչպեսև չի կարելի հայտնել, թե ինչ դիրքորոշում ունես ծիծակի դառնության վերաբերյալ:

 Չի կարելի ասել «Անունդ ինչպես է»: Պետք է ասել «Անունդ ի՞նչ է»:

Չի կարելի ասել «Նախարարը  համաձայնվեց այն մտքի հետ, որ…»: Պետք է ասել «Նախարարը համաձայնեց, որ…» կամ գոնե թող լինի
«Նախարարը համաձայնեց այն մտքին, որ…»:

Չարժի ասել «Այն ժամանակ, որ…», «Այնտեղ, որ…»: Արժի ասել «Այնժամանակ, երբ…», «Այնտեղ, որտեղ…»:

Մի ասեք «Այն  օրիորդը պարում է Թաթայի տակ», ասեք «Այն օրիորդը պարում է Թաթա Սիմոնյանի երաժշտության տակ»:

Չարժի ասել «Հավաքվածների կեսը համոզված են, որ…»: Արժի ասել «Հավաքվածների կեսը համոզված է, որ…»:

«Առայժմ»-ը մի գործածեք «ցտեսություն» ասելու փոխարեն, քանի որ «առայժմ» = «մինչև հիմա»:

Մի շփոթեք «վերաբերում է» /…./ և «վերաբերվում է» /…./ բառերը: «Դա քեզ չի վերաբերում», բայց` «Ես քեզ լավ եմ վերաբերվում»:
Կրավորակերպը հարկ է գործածել այն դեպքում, երբ խոսը վերաբերում է մարդկային վերաբերմունքին:

Անհարկի հոգնակիներ մի գործածեք: Եթե կարող եք ասել` «Նրա խոսքով», ապա ինչու Եք ասում` «նրա խոսքերով»:

«Հանգուցյալին ճանաչում էի որպես ազգանվեր գիտնական» սխալ է: Պետք է լինի «Հանգուցյալին ճանաչում էի որպես ազգանվեր գիտնականի»:

«Տեղաբնիկ» բառ չկա: Կան «տեղաբնակ» և «բնիկ» բառերը` առանձին-առանձին:

Ոչ թե` «Ձեր և ձեր երեխաների համար», այլ «Ձեզ և ձեր երեխաների համար»:

Հայոց լեզվում «խնդրվել», «հյուրասիրվել», «զանգվել», «կապնվել», «խաբնվել», «խոստովանվել», «խփնվել» բառեր չկան:
«Նա արձակուրդը ոչ թե անցկացրել է Սևանում, այլ անց է կացրել է Սևանում»:

«Նա հագավ իր ակնոցները»,
Նախ` ոչ թե «ակնոց ներ ը», այլ` «ակնոցը':
Եվ ապա. Հայերը հագնում են վերարկուն, անձրևանոցը, կոստյումը, տաբատը, վերնաշապիկը, բլուզը, ձեռնոց/ներ/ը, կոշիկ/ներ/ը, իսկ այ գլխարկը, ակնոցը, մատանին, արհեստական ատամնաշարը` դնում են,
Փողկապը, վզնոցը, գոտին, ժամացույցը` կապում,
Ապարանջանը` անցկացնում ձեռքը,
Շղթան` գցում վիզը,
Շարֆը` փաթաթում վզին,
Թիկնոցը` գցում ուսերին,
Շալը` գցում ուսերին կամ գլխին, կամ էլ կապում գլխին:

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԻՆՔԴ

 

Տարածել...

Ընթերցվող․․․