Հնդկաձավարի շիլայից մինչև տապակած թևիկներ. սննդաբանները համեմատել են Պուտինի, Թրամփի, Մերկելի սննդակարգերը

Ճարպակալման եվրոպական բժշկական ինստիտուտի մասնագետները համեմատել են՝ ինչ են ուտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости գործակալությունը` հղում անելով El Confidencial-ին:

Ռուսաստանում, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ճարպակալումը կազմում է 25,7%, 67-ամյա նախագահն իր տարիքի համար նախանձելի կառուցվածք ունի:

Վլադիմիր Պուտինի ստանդարտ սննդակարգում ներառված է անյուղ միս, յուղալի և անյուղ ձկների տեսակներ, մրգեր, բանջարեղեն, հացահատիկ և ձու: ՌԴ նախագահը խուսափում է խորը վերամշակում պահանջող սննդից և ալկոհոլից, սակայն երբ կենացի կարիք է լինում, ընտրում է գինի կամ գարեջուր: Նրա նախաճաշը սովորաբար առատ է` ձու` ձվածեղ կամ թերխաշ, մրգեր և չրեր, հնդկաձավարի շիլա` ալթայան մեղրի հավելումով, իսկ ընթրիքը թեթև է` հիմնականում կաթնամթերք։

Լավ կառուցվածքը պահպանելու հարցում նրան օգնում է պարբերաբար սպորտով, մասնավորապես՝ լողով, արևելյան մարտարվեստներով, դահուկներով և հոկեյով զբաղվելը:

ԱՄՆ-ում ճարպակալության մակարդակը բնակչության շրջանում կազմում է 37,3%, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրներ ունի խոլեստերինի հետ: Նրա մարմնի զանգվածի ինդեքսը համապատասխանում է ճարպակալման թեթև տեսակին: Դոնալդ Թրամփը 73 տարեկանում շարունակում է մնալ արագ սննդի մեծ սիրահար: Նրա սննդակարգը հիմնված է համբուրգերների և ձվով ու պանրով սենդվիչների, բեկոնի և սոուսների, կարտոֆիլ ֆրիով տապակած թևիկների, պիցցայի և սառը ըմպելիքների վրա: ԱՄՆ նախագահն ալկոհոլ չի օգտագործում, բայց սիրում է կոֆեինով գազավորված ըմպելիքներ և շոկոլադե կոկտեյլներ: Երիտասարդ տարիքում նա զբաղվել է բեյսբոլով և ֆուտբոլով, սակայն հիմա քիչ շարժողունակությամբ կյանք է վարում: Սննդաբանները զգուշացնում են, որ  այս բոլոր գործոնները մեծացնում են հիպերխոլեստերեմիայի և սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:

Գերմանիայում ճարպակալության մակարդակը կազմում է 25,7%: Երկրի կանցլեր Անգելա Մերկելը 65 տարեկանում սիրում է դահուկներ քշել և արշավային զբոսաշրջությամբ զբաղվել, սակայն մշտապես սպորտով չի զբաղվում: Մերկելը հավատարիմ է գերմանական խոհանոցին` նրբերշիկներ սոուսով և պյուրեով, պանրային ֆոնդյու և գարեջուր, իսկ ընթրիքին նախընտրում է բանջարեղեն:

Իսպանիայում ճարպակալության մակարդակը կազմում է 27,1%: Վարչապետ Պեդրո Սանչեսը 48 տարեկանում հիանալի կազմվածք ունի: Նա հավատարիմ է հավասարակշռված միջերկրածովային սննդակարգին, ուտում է շատ կանաչեղեն, աղցաններ, շոգեխաշած միս և ձուկ: Սանչեսն առատ նախաճաշ է անում, շատ ջուր է խմում, ալկոհոլից նախընտրում է կարմիր գինի: Իսպանիայի վարչապետը շաբաթը երեք անգամ սպորտով է զբաղվում՝ ուժային պարապմունքները համատեղելով վազքի և հեծանվի հետ