HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատազրկվածները շարունակում են դեղեր ստանալ հարազատներից

Գարիկ Ստեփանյանն արդեն 10 տարի 2 ամիս է՝ գտնվում է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում: Նա բողոքում է ուժեղ գխացավերից, խմում է դեղեր, հաճախ սրսկվում, սակայն հիմնական բուժում չի ստանում: 

12 տարի ազատությունից զրկված դատապարտյալ Գարիկ Ստեփանյանի մահճակալի մոտ գտնվող պահարանին դեղեր են շարված: Ասում է՝ լիովին առողջ է եղել, երբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Սակայն, ըստ նրա հիվանդությունների մասին տեղեկանքի՝ տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, զարկերակային հիպերտենզիայով, լարվածության ստենոկարդիայով, հիդրոցեֆալիայով, ցեֆալգիկ համախտանիշով, ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությամբ, ոտնաթաթի դեֆարթրոզով և մի շարք այլ հիվանդություններով։

Ոտնաթաթի դեֆարթրոզ հիվանդության պատճառով Գարիկը քայլում է ձեռնափայտի օգնությամբ։ Այս հիվանդության բուժումը վիրահատական է, սակայն «Գորիսի» բժշկական կենտրոնում տվյալ վիրահատությունը չեն կատարում, պետք է տեղափոխել Երևան։

Դատապարտյալը հիվանդությունների շարքի համար դեղամիջոցների հիմնական մասը ստանում է ՔԿՀ-ից, բայց կան դեղեր, որոնք ՔԿՀ-ի տրամադրած ցանկում առկա չեն, օրինակ՝ «Տրիպլիքսամ՝» («Triplixam») դեղամիջոցը դատապարտյալը ձեռք է բերում սեփական միջոցով՝ ամսական վճարելով 6000 դրամ։ Ասում է` ՔԿՀ-ն տրամադրում է միայն փոխարինող դեղամիջոցը, որն իրեն չի օգնում։

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Ղազարյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող ազատազրկված անձանց հարազատները հաճախ իրենց ցանկությամբ քրեակատարողական հիմնարկներ են բերում այս կամ այն երկրի արտադրության ցավազրկող, հակախոցային, հիպերտենզիվ և հակալերգիկ դեղամիջոցներ, որոնց փոխարինողներն առկա է տվյալ հիմնարկում:

Իսկ քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժինները հիմնականում ստանում են ցավազրկող, հակախոցային, հակահիպերտենզիվ, ինֆուզիոն, հոգեմետ, ինչպես նաև հակաբիոտիկային, հակահիստամինային և հակադիաբետիկ դեղամիջոցներ:

Կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների կողմից փոխանցված դեղամիջոցները գրանցվում են համապատասխան մատյաններում, իսկ նշանակումների թերթիկների մեջ գրանցվում են որպես հարազատների կողմից փոխանցված դեղամիջոցներ, որի ստացման փաստը հավաստիացվում է ազատազրկված անձի ստորագրությամբ։

ՔԿՀ-ներում կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների կողմից փոխանցված դեղամիջոցների հատուկ անվանական հաշվառում չի վարվում, իրականացվում է միայն քանակական հաշվառում: Այդ իսկ պատճառով հնարավոր չէ պարզել, թե հարազատների միջոցով ինչ դեղամիջոցներ են ստացել ազատազրկվածները։

«Հետքը» ուսումնասիրել է ազատությունից զրկվածներին տրամադրող դեղերի ցանկը, քանակը, ինչպես նաև դատապարտյալների կամ բժիշկների բողոքները՝ կապված դեղամիջոցների հետ։ Ուսումնասիրել ենք նաև տրամադրվող դեղերի և ներկրող ընկերությունների միջև կնքված պայմանագրերը։ Մենք շրջել ենք քրեակատարողական հիմնարկներում, զրուցել բժշկական մասի մասնագետների հետ։

«Արմավիր» ՔԿՀ-ի բուժմասի բժիշկ-գլխավոր մասնագետ Բենիկ Անտոնյանն ասում է, որ ՔԿՀ-ի բազմամարդ լինելու պատճառով (ամենաշատ բնակեցված ՔԿՀ-ն է) դեղորայքը շուտ է վերջանում։ 

«Դեղորայքի քանակություն կա, որից շատ են տալիս, կա նաև դեղորայք, որ քիչ են ուղարկում, մենք դրսից բերածի դեպքում էլ չենք ասում, որ բերեք, դա իրենց ցանկությամբ է լինում, մեզ էլ ասում են, եթե բերում են, պիտի ընդունենք»,- ասում է բժիշկը, հավելով, որ ստանում են ցավազրկողներ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների համար դեղամիջոցներ։ Օնկոլոգիական հիվանդներ կալանավայրում չեն լինում, ուղարկում են «Դատապարտյալների հիվանդանոց»։

ՔԿՀ-ներում նեյտրոլեպտիկ դեղամիջոցների քանակը քիչ է

«Արմավիր» ՔԿՀ-ի ցերեկային բուժակ Նաիրա Դարբինյանն ասում է՝ ՔԿՀ-ում  նեյտրոլեպտիկ (հանգստացնող) դեղերի քանակը քիչ է. «Նույնիսկ մի սրվակ ամբողջական չենք կարողանում տրամադրել, քանի որ քիչ եմ ստանում, ֆլակոններն ամբողջական տալիս եմ, հնարավոր չէ՝ ամեն անգամ կաթիլներ խմելու համար կալանավորին բուժկետ բերեն»,- ասում է Նաիրա Դարբինյանը։

Ինչպես այս, այնպես էլ մյուս ՔԿՀ-ներում հոգեմետ դեղերը տրամադրում են բժշկի նշանակմամբ՝ հատուկ հսկողությամբ։ 

ՔԿՀ-ներում պահվող ազատությունից զրկված անձի հոգեկան խանգարում ունեցողներին տրամադրվող հոգեմետ դեղերը հիմնականում հայկական արտադրության են։ Դեղերի մեծ մասն արտադրված է «Արփիմեդ» ՍՊԸ-ի կողմից։ Կան նաև ռուսական արտադրության դեղեր: ՔԿՀ-ներում շրջելիս, բժիշկներից մի քանիսն իրենց անունը չնշելու պայմանով, մեզ հետ զրույցում դժգոհում էին հայկական արտադրության հոգեմետ դեղերից՝ նշելով, որ այդ դեղերն ընդունելուց արդյունք չեն գրանցում։

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Ղազարյանի փոխանցմամբ՝ 2013թ-ից մինչև 2017թ. քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների դեղորայքի և բժշկական պարագաների համար բյուջեից հատկացվել է տարեկան 43 մլն դրամ, որը չէր բավարարում հիվանդներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: 2018թ-ից սկսած ազատությունից զրկված անձանց դեղորայքի և բժշկական պարագաների համար հատկացվել է 150 մլն դրամ:

2017թ․-ին Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է ՔԿՀ-ներում բուժսպասարկման և դեղորայքի պատշաճ ապահովմանը՝ արձանագրելով մի շարք խախտումներ։ Օրինակ՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում արձանագրվել է, որ թեև հիմնարկը ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով, սակայն դեղորայքի քանակն անբավարար է։

«Ընթացիկ տարում դեղերի և բժշկական պարագաների ձեռքբերումն իրականացվել է պետական գնումների ընթացակարգով բժշկական անձնակազմի կողմից մշակված և ներկայացված տարեկան հայտերի հիման վրա: Դրանց համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա վիճակագրությունը, կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում առավել տարածված առողջական խնդիրների ու դրանց բուժման համար պահանջվող դեղերի ուսումնասիրությունները»,- նշում է Ն. Ղազարյանը։

Դեղերի այս քանակի հետ մեկտեղ, դատապարտյալները շարունակում են դեղամիջոցներ ստանալ հարազատներից, ընդ որում` դեղամիջոցներ են ստանում նաև «Դատապարտյալների հիվանդանոցում» բուժում ստացողները։

2019թ․-ին հարազատների կողմից  «Արմավիր» ՔԿՀ է մուտք եղել 1760 միավոր դեղամիջոց (նոյեմբերի դրությամբ), այստեղ գտնվող ազատությունից զրկվածներին բաժին է հասել մոտ 2,5 միավոր դեղամիջոց, «Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվողներին՝ մոտ 8,7 միավոր դեղամիջոց, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվողներին՝ 3,4 միավոր։

ՔԿՀ-ների դեղերի վերահսկողությունն իրականացնում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործունեությունը սկսել է 2019 թ․-ի սեպտեմբերից։ Այժմ ՔԿՀ-ներին դեղորայքը բաշխում է «Քրեակատարողական բժշկության կենտրոնը»։

Արդարադատության նախարարությունը տրամադրել է 2016-2019թթ. (2019թ. նոյեմբերի 13-ի դրությամբ) դեղերի և բժշկական պարագաների գնումների վերաբերյալ տեղեկատվություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2016-2018թթ. քրեակատարողական հիմնարկների դեղերի ու պարագաների գնումների առյուծի բաժինը ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ինն է: 2016-2019թթ․-ի ընթացքում այս ընկերությունից գնվել է 50 մլն 600 հազար դրամի դեղամիջոց և բժշկական պարագաներ։ 2019թ. 8,5 ամիսների տվյալներով` առաջին տեղում «Ռիխտեր-Լամբրոն» ընկերությունն է:

Ներկայացնում ենք 2016-2019թթ.-ին 5 ամենախոշոր մատակարար դեղագործական ընկերությունների ցանկը

Գնման գործընթացից հետո ՔԿՀ-ների դեղերը հավաքվում են «Դատապարտյալների հիվանդանոցում», որտեղ պահեստավորվում և ստացված հայտերի հիման վրա ուղարկվում են 12 ՔԿՀ-ներ։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի դեղագետ Սյուզաննա Աշրաֆյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովված են համապատասխան դեղորայքով, և իրենք պատշաճ հսկողություն են իրականացնում թե՛ որակի, թե՛ քանակի ու ժամկետների առումով:

 

ՔԿՀ-ների դեղերը
Infogram

Սյուզաննա Աշրաֆյանի խոսքերով՝ դեղերի մի մասն ազդող նյութով են ստանում (նկատի ունի վերարտադրված, գեներիկ դեղամիջոցները, որը պարունակում է բրենդային դեղամիջոցի ակտիվ բաղադրատարրը,-հեղ․), սակայն, կան հիվանդներ, որոնք ուզում են իրենց նախընտրած դեղը և հարազատների միջոցով այդ դեղորայքն են ընդունում:

«Դրանք նորմալ դեղեր են, հենց ազդող նյութն է (ակտիվ բաղադրատարր): Հիվանդներն, իհարկե ունենում են հոգեբանական ճնշվածություն՝ իմանալով, որ իրենց դեղի անունը չէ, ինչու ենք դա տալիս: Բայց, երբ մասնագետը բացատրում է, և մոտեցումը ճիշտ է տալիս, ընկալում են: Մարդ էլ կա չի ընկալում, իր ասածն է պնդում»,- ասում է Սյուզաննա Աշրաֆյանը:

Դեղագետը նշում է, որ անազատության մեջ հայտնվածներին թվում է, թե իրենց տրվում է էժան դեղորայք: Ըստ նրա՝ նույնիսկ եթե դեղորայքը էժան է, չի նշանակում, որ վատ որակի է, քանի որ դեղի գինը շատ հաճախ կապված է արտադրող երկրից:

Ուռուցքային հիվանդությունների համար դեղամիջոցներ ՔԿՀ-ներում չկան

Ուռուցքային հիվանդություններ ունեցող ազատությունից զրկվածների թիվը դեկտեմբերի 12-ի տվյալներով ՝ 6-ն է՝ 3 հոգի գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոցում», որոնցից 1-ը անցնում է իմունոթերապիայի բուժում, 2 հիվանդ գտնվում են «Արմավիր» ՔԿՀ-ում, 1-ը ՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում։ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կամո Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ իմունոթերապիայի բուժման և վիրահատության համար ազատությունից զրկվածներին տեղափոխում են «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբնության ազգային կենտրոն», հետվիրահատական շրջանն անցնում են ՔԿՀ-ներում։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի դեղագետ Սյուզաննա Աշրաֆյանը ևս ասում է, որ հակաքաղցկեղային դեղորայք պահեստում առկա չէ։

 

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Գրիշա Բալասանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter